Tuesday, April 8, 2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Այս երկու իմ ամենասիրելի Սահյանի բանաստեղծություններն են:
Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ 
Ապտակում էիր 
Սխալիս համար 
Եվ սաստում էիր, 
Որ լաց չլինեմ։ 
Բայց ցաված տեղըս 
Համբուրում էիր 
Եվ իմ փոխարեն 
Ինձանից թաքուն 
Լաց էիր լինում: 
Ախ, վերջին անգամ, 
Չեմ իմանում ո՞ր 
Սխալիս համար 
Ինձ ապտակեցիր 
Կորուստով քո մեծ… 
էլ սաստող չեղավ, 
Որ լաց չլինեմ, 
Եվ ցաված տեղըս 
Համբուրող չեղավ, 
Եվ իմ փոխարեն 
Իմ ցավն զգացող 
Ու լացող չեղավ։ 
Ին՜չ անեմ, մայրիկ:

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

No comments:

Post a Comment